Bookmark and Share

Nov 14, 2009

5 Պատճառ Նոութբուքը Սեղանի Համակարգչին Փոխարինելու Համար

Այսօր նութբուքներն առաջարկում են մի քանի առավելություններ սեղանի համակարգիչների հանդեպ: Այստեղ արծածվելու են միայն հինգ հիմնական պատճառները, թե ինչու պետք է վերանայենք նոութբուքի մասին մեր ենթադրությունները:

Շատերս արդեն մեր կյանքն անհնար ենք տեսնում առանց համակարգչի, և երբ պետք է կատարել ընտրություն, առանց տատանվելու գնում ենք ամենահարմար գնով վաճառվող լավագույն համակարգիչը: Բայց կյանքը զարգացել է և շատերը սովորական սեղանի համակարգիչ ընտրելու փոխարեն ընտրում են նոութբուք: Ինչու? Պարզապես, որովհետև նոութբուքն ունի մի շարք առավելություններ:

Շարունակեք կարդալ…
notebook-side
1. Շարժունակություն


Հավանաբար արդեն սովորել եք, որ համակարգչով աշխատելիս աթոռը մոտեցնում եք սեղանին, մինչդեռ պետք է համակարգիչը մոտեցնեիք աթոռին: Նոութբուքը օգտագործվում է սեղանի վրա, բայց նաև տալիս է հնարավորություն այն տեղադրել այնպես, ինչպես մեզ է հարմար: Կամ միգուցե ձեզ հարմար է գիշերներն ուսումնասիրել ինտերնետը ձեր մահճակալի վրա, նոութբուքը (WIFI) անլար կապով կարող է թափառել ձեր հետ ուր, որ ուզեք: Այնպես, որ կարող եք ձեր նամակները ստուգել կամ ցանկացած համակարգչային գործ կատարել տան ցանկացած սենյակում:

Իհարկե նոութբուքը նաև լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր շատ են ճանապարհորդում: Էլ չեմ խոսում ուսանողների մասին, որոնք կարող են իրենց համակարգիչը տանել իրենց հետ գրադարան, իսկ բիզնես ոլորտի մարդիկ այն կարող են իրենց հետ ման տալ: Թվային սարքերից հիմա ինֆորմացիան շատ արագ կարելի է գցել ձեր համակարգչի մեջ և դրանք ուղարկել ձեր ընկերներին ինտերնետի միջոցով կամ այն ցույց տալ հարազատներին հենց համակարգչի մեջ: Հիշում եմ մի դեպք, երբ ընկերներով արտասահմանում գնացել էինք զբոսանքի և այնտեղ մեր կատարած բոլոր թվային նկարները միանգամից գցեցինք նոութբուքի մեջ ու անլար ինտերնետային կապի միջոցով ուղարկեցինք մեր ընկերներին Հայաստան: Հիշում եմ դեռ հյուրանոց չէինք հասել, իսկ մեր ընկերներն արդեն տեսել էին այդ նկարները:

2. Լավագույն պատկեր


Նոութբուքների էկրանի որակը վերջին տարիներին զգալի փոփոխություն կրեց: Օրինակ հիմա կարելի է գնել նոութբուքներ մինչև 17 դյույմ (անգլ. չափման միավոր = 2.5 սմ) տրամաչափի էկրանով, իսկ մի քանի տարի առաջ նման մեծ էկրաններով նոութբուքներ չէին վաճառվում: Հիմա կարելի է ձեռք բերել հետևյալ տրամաչափի էկրանով նոուտբուքներ 13.3 դյույմ LCD լայնէկրան (1280 x 800 pixels), 15.4 դյույմ LCD լայնէկրան (1440 x 900 pixels) կամ 17 դյույմ LCD (1680 x 1050 pixels) լայնէկրան:

3. Թեթևություն


Ընդամենը մի քանի տարի առաջ նունիսկ թեթև նոութբուքները դժվար էր երկար ժամանակ ուսին գցած տեղ տանել: Բայց ժամանակները փոխվել են և այսօր նոութբուքները իրոք թեթև են: Այս հոդվածը գրում եմ իմ SONY VAIO նոութբուքով, որի հաստությունը ընդամենը 1սմ է և այն կշռում է 1.5 կգ: Մեր ժամանակներում շատ նոութբուքներ համարվում են ուլտրաթեթև իրենց թեթևության և փոխադրելիության պատճառով:

4. Արագաշարժություն և մարտկոցային հոսանք


battery

Վաղուց համակրգիչ ունեցողները հիշում են, որ այն ժամանակ նոութբուքներն ունեին շատ թույլ RAM հիշողություն, փոքր տարածք կոշտ սկավառակի վրա, իսկ մարտկոցներն ունեին կարճ կյանք: Կրկին պետք է նշել, որ ժամանակները փոխվել են և ներկայիս նոութբուքները զինված են բարձր հնարավորություններով: Իմ համակարգիչն ունի 2 GB հիշողություն, որը կարելի է զարգացնել մինչև 4 GB, իսկ կոշտ սկավառակի ծավալը 250 GB է, սակայն շատ նոութբուքներ արդեն ունեն 4 GB հիշողություն և մինչև 500 GB ծավալ կամ տարածք կոշտ սկավառակի վրա: Սա նշանակում է, որ ձեր բոլոր ծրագրերը կարող եք ազատ գցել ձեր նոութբուքի մեջ կամ պահել zip սեղմած վիճակում, որպեսզի նոութբուքի հետ չպտտեք ծրագրային սկավառակներ: Ինչ մնում է նոութբուքների մարտկոցներին, ապա ասեմ, որ դրանք այլևս չեն տաքանում և չեն պայթում, ինչպես լինում էր առաջներում: Ներկա մարտկոցները երկարակյաց են: Օրինակ իմ նոութբուքը կարող է առանց հիմնական հոսանքի աշխատել մինչև 4 ժամ, եթե չնայեմ որևէ ֆիլմ կամ կատարեմ վիդեո մոնտաժ: Չնայած, եթե լավ հետազոտեք ինտերնետը կարող եք հայտնաբերել նոութբուքներ, որոնք խոստանում են աշխատել մարտկոցով մինչև 6 ժամ:

5. Այլ առավելություններ

Առաջներում նոութբուքի չափսերը և քաշը սահմանափակում էին որոշ հնարավորություններ, մինչդեռ այսօր դրանցում օգտագործվող պրոցեսորները և այլ կոմպոնենտները փոքր են և արդյունավետ, այնպես որ հիմա որքան հնարավոր է շատ այլ սարքեր են տեղադրված նոութբուքների մեջ: Շատ նոութբուքներ ունեն էկրանին հարմերեցրած ֆոտո/վիդեո խցիկ (webcamera), անլար ինտերնետին միանալու wireless հնարավորություն, միկրոֆոն, մի քանի USB մուտքեր, FireWire, Bluetooth, DVD/CD RW reader, աուդիո/թվային մուտք/ելք, հեռուստացույց միացնելու հնարավորություններ և այլն: Պետք է ասեմ, որ օր օրի զարգանում է գիտության այս ոլորտը, այնպես որ մի զարմացեք, եթե այս հոդվածը կարդալիս որոշ բաներ արդեն ձեզ շատ ծանոթ լինեն կամ համարեք հնացած: Ամեն օր կատարվում են բարեփոխումներ և նոութբուքների առավելությունը գնալով մեծանում է:

Նոութբուքների առավելություններն իրոք շատ են, և լավ կլինի, որ համակարգիչ գնելուց առաջ լավ մտածեք, թե ձեզ ինչ տեսակի համակարգիչ է պետք:

Մեր հաջորդ հոդվածներում կատարելու ենք փոքրիկ համեմատություն և տեսնելու եք սեղանի համակարգչի առավելություններն ու թերությունները նոութբուքների նկատմամբ:

###

No comments:

Post a Comment